Մատվեյ Պլատովի հուշարձան (Նովոչերկասկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատվեյ Պլատովի հուշարձան (այլ կիրառումներ)
Մատվեյ Պլատովի հուշարձան | |
---|---|
Մատվեյ Պլատովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1853 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նովոչերկասկ |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և մարմար |
Մասն է | Q119475463? |
Ներկա վիճակ | Կանգուն |
Platov monument (Novocherkassk) Վիքիպահեստում |
Մատվեյ Իվանովիչ Պլատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Матвею Ивановичу Платову), Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի առաջին քանդակագործական հուշարձանը, որը տեղադրվել է Դոնի փառապանծ ատաման, քաղաքի հիմնադիր, հեծելազորի գեներալ և 1812 թվականի հայրենական պատերազմի հերոս Մատվեյ Իվանովիչ Պլատովի (1753-1818) պատվին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատվեյ Իվանովիչ Պլատովի առաջին հուշարձանը տեղադրվել է 1853 թվականի մայիսի 9-ին, Նովոչերկասկում, ատամանի ծննդյան հարյուրամյակի առթիվ, Նիկոլայ I-ի կառավարման օրոք։ Հուշարձանը կառուցվել է հայտնի քանդակագործ Պյոտր Կլոդտի և ճարտարապետ Ա. Ի. Իվանովի նախագծով։ Այն կանգնեցվել է քաղաքի կենտրոնում, Ատամանյան պալատի դիմաց, Ատամանյան պուրակում։
Պլատովի հուշարձանն ստեղծելու համար Ռուսական կայսրությունում հայտարարվել է նվիրատվությունների հավաք։ Ճարտարապետ Ա. Ի. Իվանովի նախագծով հուշարձանի ստեղծմանը մասնակցել են հայտնի քանդակագործներ։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1853 թվականի մայիսի 9-ին Նովոչերկասկում։ Բացումն ուղեկցվել է բարձրագույն մակարդակով հաստատված արարողակարգով։ Քաղաքի Համբարձման տաճարում կայացել է հանդիսավոր պատարագ, այնուհետև Զորական շրջանը և հյուրերը գնացել են հուշարձանի մոտ։ Տոնական շքերթի` Ալեքսանդրի հրապարակին մոտենալու պահին գեներալի հաղթանակների պատվին տրվել է 101 համազարկով հրավառություն։
Ալեքսանդրի հրապարակ էին բերվել զորամասի տարբերանշանները։ Հուշարձանի բացումից առաջ իրականացվել է հրանոթային երեք համազարկ։ Հուշարձանը բացվել է։ Հուշարձանի պատվանդանին վեր էր խոյանում գեներալի համազգեստով ատամանի պատկերաքանդակը ողջ հասակով։ Համազգեստի վրա գցված էր այծենակաճ։ Ձախ ձեռքում Պլատովը բռնում էր փետրազարդ գավազան, աջ ձեռքում` մերկացած սուր։ Հուշարձանի պատվանդանին փորագրված էր «Ատաման կոմս Պլատովին 1770-1816 թվականների ռազմական սխրագործությունների համար։ Շնորհակալ դոնցիներ» գրությունը։ Հուշարձանը շրջապատված էր մետաղական պարիսպով` սյուների վրա լաբրիսներով։ Ծակոտկեն մետաղական պարիսպը պատրաստվել էր Ֆ. Խ. Ֆասլերի թուջաձուլական նորաբաց արհեստանոցներում։ Ցանկապատի հետևում տեղադրվել էին թնդանոթներ։
Ատաման Պլատիվի հուշարձանի բացման արարողությունն արտացոլված է շվեդ նկարիչ Կառլ Մազերի «Պլատովի հուշարձանի բացումը» նկարում[1]։
70 տարի անց` 1923 թվականին, համաձայն Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1918 թվականի ապրիլի 12-ի «Թագավորների և նրանց ծառաների պատվին կանգնեցված հուշարձանների հեռացման, Ռուսաստանի սոցիալիստական հեղափոխության հուշարձանների նախագծեր մշակելու մասին» հրամանի, հուշարձանը քանդվել է բնօրինակ պատվանդանից և տեղափոխվել Դոնի թանգարան։
1925 թվականին հին տեղում նույն պատվանդանի վրա կանգնեցվեց Վլադիմիր Լենինի հուշարձանը։ Պլատովի հուշարձանը հինգ տարի փոշոտվում էր թանգարանային պահեստներում, իսկ 1933 թվականին վերաձուլվեց առանցքակալների տեղի` Ա. Նիկոլսկու անվան գործարանում։
1988 թվականի մարտի 13-ին ՌԽՖՍՀ նախարարների խորհուրդը Նովոչերկասկում Պլատովի հուշարձանը վերականգնելու թույլտվություն է տալիս։ Մոսկվացի քանդակագործ Ալեքսանդր Տարասենկոն վերակերտում է քանդակը` բնօրինակին առավելագույն նմանությամբ։ Պլատովի նոր հուշարձանի նախագծի հեղինակն էր նաև քանդակագործ Ա. Ա. Սկնարինը[2]։
1993 թվականին նույն վայրում տեղի է ունեցել հուշարձանի սկզբնական տարբերակի երկրորդ բացումը նույն պատվանդանի վրա, սակայն նրա տեսքը, այնուամենայնիվ, ամբողջովին նույնը չէ. բացակայում է մետաղական պարիսպը, անկյուններում տեղադրված չեն 1812 թվականի հայրենական պատերազմի նմուշի թնդանոթները, նախնական տեսքով չի վերականգնվել պուրակի կենտրոնի շատրվանը[3]։ Արձանի բացումը 1993 թվականի մայիսի 16-ին դարձել է Դոնի կազակության վերածննդի խոշոր քաղաքային տոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мазер К. «Открытие памятника Платову»
- ↑ «Исторические памятники города Новочеркасска». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Памятник М.И. Платову». Памятники Дона. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.